«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Օրանժի» քաղաքական նշանակությունն ավելին է, քան նոյեմբերի 2-ին ինչ-որ թղթի կտորի ստորագրումը»

«Օրանժի» քաղաքական նշանակությունն ավելին է, քան նոյեմբերի 2-ին ինչ-որ թղթի կտորի ստորագրումը»
14.11.2008 | 00:00

«ՄԱՐԴԻԿ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀԵՆՑ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԷԼ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ:
-Պարոն Իսկանդարյան, նոյեմբերի 2-ին Մոսկվայում երեք նախագահներ ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր։ Ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ հայ հասարակությունը դրանից հետո, մանավանդ որ կարգավորման ներկա փուլի հետ կապված՝ կան լուրջ մտահոգություններ։
-Այդ հռչակագիրը հենց հռչակագիր է բառի բուն իմաստով։ Այսինքն՝ փաստաթղթի անվանումը լիովին համապատասխանում է նրա բովանդակությանը, որովհետև հռչակվում են ինչ-որ մտադրություններ, բայց, ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան։ Այդ թղթում ընդամենն ամրագրված են ցանկություններ, որոնք կային մինչև դրա ստորագրումը։ Հասկանալի է, որ երեք նախագահները չէին հռչակելու, որ հակամարտությունը ռազմական լուծում է ունենալու, և, բնականաբար, պետք է խոսվեր խաղաղ կարգավորման մասին։ Պարզ էր, որ Ռուսաստանի նախագահի մասնակցության պայմաններում հռչակագրում պետք է նշվեր, որ Ռուսաստանը շարունակելու է հանդես գալ իբրև միջնորդ, առավել ևս, որ այդպիսի կարգավիճակով հանդես է գալիս արդեն վաղուց։ Բնական է, որ պետք է նշվեր Մինսկի խմբի մասին, որովհետև այդ ձևաչափը գործում է 1992 թվականից, և այն վերացնելու մասին ոչ ոք որոշում չի ընդունել։ Այսպիսով, մենք գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի ստորագրումը նույնիսկ ուղղակի առնչություն չունի ղարաբաղյան հակամարտությանը։
-Այսինքն՝ պատճառը տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճա՞կն է։
-Այո, դրա պատճառը ռուս-վրացական հնգօրյա պատերազմն էր և այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում դրանից հետո։ Ենթադրում եմ, որ եթե այդ հռչակագիրը ստորագրելու նախաձեռնությունը թողնվեր Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին, ապա ոչ մի հռչակագիր էլ չէր լինի։ Որպես փաստաթուղթ այն ոչ մի հետևանք չի ունենալու, որովհետև գործնականում այնտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավական կարգավորման հնարավորություն այդ պահին չկա։ Դա բոլորի համար պարզ կդառնա, եթե այդ փաստաթղթին վերաբերվեն քաղաքագիտական տեսանկյունից։ Երկրորդ հարցը, որն ավելի հետաքրքիր է, արդեն հայ հասարակության արձագանքն է այդ ամենին։ Ընդ որում, մի գործընթացի շուրջ, ուր գործնականում ոչինչ տեղի չի ունենում։
-Հայ հասարակություն ասելով ո՞ւմ նկատի ունեք։
-Ամենից առաջ՝ քաղաքականությամբ զբաղված մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր գործնական քաղաքականության մեջ են, մասնակցում են դրա իրականացմանը, շատ սթափ են մոտենում այս փաստաթղթին՝ հասկանալով, որ 16 տարվա ընթացքում դրա նման բազմաթիվ թղթեր են եղել, և այս ամենը սկզբունքային նշանակություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դասակարգի այն հատվածին, ովքեր իրենց համարում են քաղաքագետներ, փորձագետներ կամ վերլուծաբաններ և մեկնաբանում են իրադարձությունները, ապա այստեղ կա մտահոգությունների, խուճապային տրամադրությունների դրսևորում, վատթարագույնի սպասում։ Այսինքն՝ աղետային տրամադրություններ, որոնք անխուսափելիորեն ազդում են նաև հասարակության լայն խավերի վրա։ Բանը հասել էր այնտեղ, որ մարդիկ սպասում էին, թե Ղարաբաղի հանձնումը հենց Մոսկվայում էլ տեղի կունենա։ Եվ քանի որ դա տեղի չունեցավ, հիմա, չգիտես ինչու, խոսվում է, որ մինչև նոր տարի այդ հարցը կլուծվի։
-Հասկանալի է, որ Դուք համամիտ չեք այդ մտահոգություններին։ Բայց արդյոք այդքան անհի՞մն են դրանք։
-Այդպիսի տրամադրությունների առկայությունը հասարակության մեջ լուրջ երևույթ է։ Դա հասկանալի է այն խավերի պարագայում, որոնք չունեն փորձառություն գործնական քաղաքականության մեջ։ Եվ երբ նման մարդկանց շարունակ ասում են, որ ամեն ինչ վատ է, նրանք սկսում են հաբեր խմել։ Սա աղետի սպասման, աղետային տրամադրությունների առկայության փաստն է մեր հասարակության մեջ, որովհետև եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա օգոստոսին ստացած սարսափելի հարվածից հետո անգամ բնակչության 28 տոկոսն այնտեղ համարում է, որ Վրաստանը հաղթել է Ռուսաստանին։
Հայաստանի պարագայում ոչ մի բան ընդհանրապես տեղի չի ունեցել։ Ստորագրվել է թուղթ, որով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ ընդունում է, որ Ադրբեջանը պատերազմելու մտադրություն չունի, որովհետև Ադրբեջանն ուղղակի վախեցած է այն ամենից, ինչ տեղի ունեցավ օգոստոսին։ Եվ ռազմատենչ հռետորաբանությունն էլ Բաքվում նկատելիորեն իջել է։ Սակայն այդքանով հանդերձ, Հայաստանն ուղղակի հեղեղված է աղետի սպասում պարունակող մեկնաբանություններով, հոդվածներով, խոսակցություններով։ Սա մտահոգիչ է, որովհետև ներհասարակական շատ որոշակի պրոբլեմների ցուցանիշ է։ Ստորագրված փաստաթուղթն էլ այստեղ այդքան կապ չունի, որովհետև նման տրամադրությունների դրսևորման առիթ կծառայեր մի որևէ այլ` ոչինչ չնշանակող թուղթ կամ հայտարարություն։ Սա պրոբլեմ է, որն ուսումնասիրության կարիք ունի։
-Իսկ Դուք ինքներդ փորձե՞լ եք հասկանալ դրա արմատները։
-Ո՛չ, որովհետև դա կաբինետային աշխատանք չէ, այստեղ լուրջ սոցիոլոգիական գործունեություն է պահանջվում։ Իմ կարծիքով, դրա պատճառներից մեկը Հայաստանի քաղաքագիտական, վերլուծական հանրության ոչ շատ բարձր պրոֆեսիոնալիզմն է։ Որովհետև չի կարելի քաղաքական գործիչների մասին դատել նրանց հայտարարություններից կամ նույնիսկ գրած թղթերից ելնելով։ Պետք է հասկանալ՝ եթե որևէ բան ասվել է, ապա ինչպե՞ս է ասվել, ո՞ւմ է ասվել, ի՞նչ միջավայրում և ինչի՞ համար։ Չի կարելի քաղաքական գործիչների ասածն ընդունել իբրև աստվածաշնչյան ճշմարտություն։ Եթե ինչ-որ մեկը Ռուսաստանում հայտարարում է, որ խաղաղապահներ պետք է մտցվեն ընդհուպ մինչև Լաչին, ապա պետք է հարց տալ, թե ինչպե՞ս է դա արվելու։ Որքա՞ն է լինելու դրանց թիվը, ինչո՞ւ հատկապես Լաչին։ Ովքեր եղել են այնտեղ ու ծանոթ են այդ տարածաշրջանի աշխարհագրական ռելիեֆին կամ գոնե դրա քարտեզին, չեն կարող չհասկանալ, որ դա մեծագույն հիմարություն է, մանավանդ որ պարզ չէ, թե ինչո՞ւ պետք է Ղարաբաղը դրան համաձայնի։
Քաղաքականությունը տրամաբանություն է, և եթե ստորագրված փաստաթղթի հետևում տրամաբանություն չկա, ուրեմն այդ փաստաթուղթն ընդամենը մտադրություն է, որ հայտնի չէ ինչպես է իրագործվելու։ Սա ամեն մարդ պարտավոր չէ գիտենալ։ Բայց քաղաքագետները, վերլուծաբանները, լրատվամիջոցները պարտավոր են։ Այսինքն՝ բնակչությանը պետք է ասվեր, որ այդ ամենը հնգօրյա պատերազմի հետևանք է, որովհետև Ռուսաստանի նախագահն ինչ-որ բան պետք է ցույց տա Արևմուտքին, հետևապես ասում է այն, ինչ պետք է ասի։ Թեպետ ես, իհարկե, չեմ բացառում, որ աղետի սպասման տրամադրությունները բնակչության մեջ նաև ներքին սոցիալական դժգոհությունից են գալիս։
-Սակայն ընդունեք, որ դա սկզբունքորեն կապ չունի ղարաբաղյան հարցի հետ։
-Այո՛, բայց ընտրություններից հետո երկար ժամանակ չի անցել։ Պաշտոնական տվյալներով՝ 30 տոկոսից ավելին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի ընտրազանգվածը, քվեարկել է արմատական ընդդիմադիր կարգախոսների օգտին։ Ընտրություններն ավարտվեցին, բայց այդ զանգվածը ոչ մի տեղ չանհետացավ։ Չի բացառվում, որ նրա դժգոհությունն այս ընթացքում ավելի է աճել։ Եթե ընտրություններ չկան, և քաղաքական ճանապարհով այդ զանգվածը չի կարող իր բողոքն արտահայտել, դժգոհությունը ներքին դաշտից տեղափոխվում է արտաքին դաշտ և կապվում ղարաբաղյան խնդրի հետ։ Աղետային տրամադրությունների այս փաստը լուրջ խնդիր է, որ պահանջում է հետևողական աշխատանք լրատվական, քարոզչական, վերլուծական դաշտում։ Հասկանալի է, որ այս տրամադրությունները «կնստեն», քանի որ կգա նոր տարին ու դարձյալ ոչ ոք Ղարաբաղը չի հանձնի։ Բայց ցանկացած այլ դրսևորում կարող է նորից վերակենդանացնել դրանք։
-Դուք, փաստորեն, ակնարկում եք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ «ռուսական նախագիծը» զուտ քարոզչական նպատակո՞վ էր նախաձեռնված։
-Ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ուղղակի հետևանքն է։ Ոչ միայն ռազմական հավասարակշռության, որովհետև այդտեղ կան բազմաթիվ այլ բաղադրիչներ և ազդեցություններ՝ սկսած տնտեսականից, վերջացրած տարաբնույթ լոբբինգներով։ Որպեսզի ղարաբաղյան հարցը սառեցված վիճակից դուրս գա, այդ հավասարակշռությունը պետք է փոխվի։ Եթե այն չի փոխվել, ոչ ոք չի կարող ինձ համոզել, թե ինչ-որ բան է տեղի ունենալու։ Կիպրոսում, օրինակ, այդ հավասարակշռությունն էապես փոխվեց, կղզու հունական մասը Եվրամիության կազմի մեջ ընդգրկվեց, բայց նույնիսկ դա արմատապես չփոխեց իրավիճակը։ Առավել ևս մեկ մարդու ցանկությունը նման բարդ իրադրություններում նշանակություն ունենալ չի կարող, եթե կա 5-6 խաղացող։ Ըստ այդմ, ես չեմ տեսնում քաղաքական հիմնավորումներ ղարաբաղյան հարցում որևէ տեղաշարժի համար։
Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա նկատի ունենանք, որ Մոսկվայի համար Հարավային Կովկասի ձևաչափը հնգօրյա պատերազմից հետո փոխվել է։ Վրաստանը, քաղաքական իմաստով, Ռուսաստանի համար այլևս դուրս է եկել հարավկովկասյան ձևաչափից և հայտնվել արևմտյան ձևաչափում։ ՈՒստի Մոսկվայի համար Հարավային Կովկասում Վրաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափ այլևս գոյություն չունի, կա միայն Հայաստան-Ադրբեջան ձևաչափ։ Սա, իհարկե, հավերժ չէ, բայց հասկանալի է, որ Ռուսաստանի նախագահը չի կարող այդ իրողությունն անտեսել և համանման այցեր պիտի կատարեր ինչպես Բաքու, այնպես էլ Երևան։ Երկու երկրներում էլ անհնար է չխոսել Ղարաբաղից և միաժամանակ հնարավոր չէ ասել այլ բան, քանի որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և Ռուսաստանը շարունակելու է հանդես գալ իբրև միջնորդ։ Ինչն էլ Ռուսաստանի նախագահը սկզբունքորեն արել է։
-Բայց Ռուսաստան-Արևմուտք հակադրությունն ի՞նչ նշանակություն ունի այս գործընթացում։
-Ռուսաստանի համար շատ է կարևոր, որովհետև հնգօրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանի հեղինակությունն Արևմուտքում զգալիորեն տուժել է։ Մոսկվան դրան գնացել է գիտակցաբար, հասկանալով, թե Հարավային Օսիայի իրադարձություններին միջամտելու պատճառով ինչ գին է վճարելու։ Սակայն միաժամանակ կա համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, առկա է կապիտալի արտահոսք Ռուսաստանից։ Այս ամենը շատ կարևոր է Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից։ Հետևապես Մոսկվայում որոշել են խաղալ հետևյալ խաղը, թե այն, ինչ տեղի ունեցավ Հարավային Օսիայում, բացառություն էր, ինչպես որ Արևմուտքը Կոսովոն էր բացառություն համարում։ Այսինքն՝ Ռուսաստանի միջամտությունը վրաց-օսական հակամարտությանը չի նշանակում, թե Մոսկվան ամենուրեք և միշտ հարցերն այսուհետ միայն ուժով է լուծելու։ Կան այլ հակամարտություններ, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ կարող են կարգավորվել միանգամայն խաղաղ, դրական, քաղաքական միջոցներով։ Այս իմաստով Մոսկվայի ընտրությունը մեծ չէ, որովհետև այն հակամարտությունները, որոնց Կրեմլը կարող է միջամտել, Ղարաբաղն է ու Մերձդնեստրը։ Երկու ուղղությամբ էլ Մոսկվան փորձում է ցույց տալ, որ ունի դրական ներգործության ներուժ։
-Հենց դրանով էլ ստացվում է, որ «ռուսական նախագիծը» զուտ քարոզչական բնույթ չունի, և հնարավորության դեպքում նրանք կցանկանային դա իրագործել։
-Ես կասեի, որ դա արդեն կարևոր չէ, որովհետև, միևնույն է, ոչինչ չի փոխվում։ Եթե ընդունենք այն տարբերակը, որ սա զուտ քարոզչական նախաձեռնություն էր, կնշանակի Կրեմլում հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունն այնքան է կարծրացել ժամանակի ընթացքում, որ այդպես հեշտությամբ չի լուծվի։ ՈՒստի այս ամենը նախաձեռնվել է միայն Արևմուտքի վրա ազդելու համար։ Բայց եթե անգամ ընդունենք, որ Ռուսաստանում կան երևանյան տնային տնտեսուհիների նման մտածող պետական գործիչներ, ովքեր համոզված են, թե մի հարվածով կլուծեն Ղարաբաղի հարցը, ապա այստեղ էլ տարբերությունը մեծ չէ, որովհետև, միևնույն է, ոչինչ չի ստացվելու։ Տարածաշրջանի ներսից այդ խնդրի կարգավորմանն ավելի մեծ դիմադրություն կա, քան այն կարգավորելու արտաքին ազդակներն են։ Ո՞վ կարող է գնալ Բակո Սահակյանի հետ բանակցելու կամ էլ Ալիևին համոզելու, որ Դերբենդով Ադրբեջանի տարածք տանկեր են մտնելու։ Եթե նույնիսկ մարդիկ կան Ռուսաստանում, որ իսկապես դրան հավատում են, ապա ծանր ֆինանսական ճգնաժամի պայմաններում ո՞վ է վճարելու այդ նապոլեոնյան ծրագրի համար։
Արդյունքը բոլոր դեպքերում նույնն է, և դրա պատճառը տարածաշրջանային հավասարակշռության առկայությունն է։ Այդ հավասարակշռության ամենափոքր բաղադրիչներից մեկի՝ ռուս-ամերիկյան մրցակցության պարագայում, ղարաբաղյան հակամարտության կողմերը միշտ էլ կարող են խուսանավել և տապալել կարգավորման ցանկացած նախագիծ։ Մանավանդ որ ԱՄՆ-ում նոր նախագահ է լինելու, որը ձևավորելու է նոր վարչակազմ։
-Նոր նախագահն ԱՄՆ-ում արդեն ընտրված է։
-Բայց լիազորությունները կստանձնի միայն հունվարի 20-ին։ Իսկ մեզ մոտ պնդում էին, որ մինչև նոր տարի Ղարաբաղը հանձնվելու է Ադրբեջանին, ինչի համար որևէ նախապայման չկա։ Հայաստանում ավելի կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնցով ոչ միայն ընթերցողները, այլև լրատվամիջոցները գրեթե չեն հետաքրքրվում։
-Օրինակ։
-Թեկուզ այն, որ եվրոպական ամենախոշոր ընկերություններից մեկը՝ «Ֆրանս Տելեկոմը», իր «Օրանժ» ապրանքանիշով մտնում է հայաստանյան շուկա՝ որպես բջջային կապի երրորդ օպերատոր։ Ես չեմ կարող դատել այս իրադարձության տնտեսական նշանակության մասին, որովհետև տնտեսագետ չեմ, բայց դրա քաղաքական նշանակությունը հաստատ ավելին է, քան նոյեմբերի 2-ին ինչ-որ թղթի կտորի ստորագրումը։ Ղարաբաղի հետ ոչինչ էլ չի լինելու, դրա համար ոչ մի նախադրյալ չկա։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4163

Մեկնաբանություններ